Lusia Food
Lusia Food

Հարսանեկան ֆուրշետներ

Հարսանեկան ֆուրշետները հայկական իրականության մեջ առանձին արվեստ են: Թե՛ հարսնացուի, և թե՛ փեսայի տանը մեծ շուքով պատրաստվում են խնամիների և քավորի հյուրընկալությանը: Սեղանը սովորաբար զարդարված է լինում մոմերով, ծաղիկներով և տոնական տեսք է հաղորդում միջոցառմանը: Սեղանին անպայման նախատեսում են Հայկական կոնյակ: Կան ավանդական հայկական ընտանիքներ, որոնք երեխայի ծնվելուց հատուկ այս առիթի համար կոնյակ են հնեցնում և հարսանիքի օրը՝ հանդիսավոր արարողությամբ խնամիների համար բացում են կոնյակը՝ ի նշան ամուր ու թանկ նորաստեղծ հարազատության: Ֆուրշետի գեղեցիկ արարողությանը զուգակցում է նաև հարսին իր սենյակից հանելու հայկական գեղեցիկ ավանդույթը: Այդ սովորության համաձայն՝ փեսան չի կարող հարսին տեսնել այնքան ժամանակ, քանի դեռ աղջկա գլխին հանդիսավոր կերպով չեն անցկացրել քողը: Մինչ հարսնացուի սենյակում կանանց մեջ իրարանցում է, տղամարդիկ ֆուրշետի սեղանի շուրջ բաժակ են բարձրացնում և խմում նորապսակների կենացը: Հայկական ավանդույթի համաձայն՝ հարսնացուի տուն քավորը և փեսայի ընտանիքը գնում են նախքան պսակադրությունը՝ հարսի ընտանիքից նրան հանդիսավոր հանելու նպատակով: Իսկ փեսայի տուն գնում են արդեն պսակադրությունից հետո՝ որպես օրինական ամուսիններ: Հարսը փեսայի տուն է մտնում արդեն որպես այդ ընտանիքի հարս: Այստեղ ևս բացվում է կոնյակը և բաժակ բարձրացվում՝ ի նշան նորաստեղծ ամուր բարեկամության: